ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Ֆրանսիական բրենդը մուտք է գործում Հայաստան

Ֆրանսիական բրենդը մուտք է գործում Հայաստան
10.02.2017 | 16:18

Փարիզի Գյուստավ Ռուսսի ուռուցքաբանական ինստիտուտի ղեկավարության Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում նախարար Լևոն Ալթունյանը և գլխավոր տնօրեն Ալեքսանդր Էգերմոնտը ներկայացրեցին անցած երկու օրվա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։

«ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ ընդունելության ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի Փարիզի Գյուստավ Ռուսսի ինստիտուտը պատասխանատվություն ստանձնի Հայաստանում ուռուցքաբանական ծառայությունների բարելավման գործում և իր բրենդով ճանապարհ հարթի մեր երկրում բժշկական տուրիզմի զարգացման համար»,-նշել է Լևոն Ալթունյանը։
Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ անգամ առաջատար կլինիկաներն առավել մեծ արդյունքներ են ապահովում համագործակցության շնորհիվ։ Հայ-ֆրանսիական այս համագործակցության նպատակը Հայաստանում քաղցկեղի վաղ հայտնաբերման և նորագույն տեխնոլոգիաներով ու մեթոդներով արդյունավետ բուժման ապահովումն է։


Եվրոպայում քաղցկեղի դեմ պայքարի գործում առաջատար կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Էգերմոնտը ծանոթացրել է իրենց կլինիկայի կողմից մշակված մոդելին։ «Բժշկության, խնամքի և գիտության համակցված մեր մոդելը պատրաստ է ներդրվելու այն երկրներում, որտեղ առկա են անհրաժեշտ ենթակառուցվածքները և կա քաղցկեղի դեմ պայքարի խնդիր»,-նշել է նա` ներկայացնելով ներդրման քայլերի հաջորդականությունը։ Այն ենթադրում է ենթակառուցվածքների բարելավում, բուժման բոլոր տեսակների կատարելագործում և մասնագետների թիրախավորված վերապատրաստում։ Նաև հավելել է , որ հայ բժիշկների մասնագիտական հմտությունները և ակադեմիական գիտելիքները բժշկության և գիտության համակցմամբ ֆրանսիական մոդելի ներդրման ամուր հենք կդառնան։


«Նախարարությունը հռչակել է ուռուցքաբանության ծառայությունները հասանելի, մատչելի և որակյալ դարձնելու ռազմավարություն։ Իմ խորին համոզմամբ` Փարիզի Գյուստավ Ռուսսի ինստիտուտի հետ Հայաստանում ուռուցքաբանական ծառայությունների որակի բարելավմանը միտված համագործակցությունն արդյունավետ կլինի,-շեշտել է նախարար Լևոն Ալթունյանը` կարևորելով ինչպես ոլորտի նորագույն մեթոդներն ու բուժման առաջատար մոդելները մեր մասնագետներին արագ հասցնելու, այնպես էլ` նորագույն տեխնոլոգիաները հասանելի դարձնելու հնարավորությունը։


«Գյուստավ Ռուսսի ինստիտուտը երկար տարիներ համագործակցում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ` Փարիզում կազմակերպելով մեր մասնագետների վերապատրաստումները, անցկացնելով համատեղ գործնական վարժանքներ և գիտաժողովներ։ Այժմ գնում ենք համագործակցությունը շատ ավելի խորացնելու և մշտական դարձնելու ճանապարհով` նախատեսելով նոր կենտրոնի հիմնում»,-ամփոփելով ճեպազրույցը` ասել է Լևոն Ալթունյանը։


Բանախոսները նաև պատասխանել են լրագրողների հարցերին` վստահեցնելով, որ նախանշվող համագործակցությունը Հայաստանում ուռուցքաբանության ոլորտում բարձրակարգ ծառայություների մատուցման երաշխիք կդառնա։
Ճեպազրույցից հետո քննարկել են երկարատև համագործակցության ուղղությունները և նախնական ժամանակացույցը։

Դիտվել է՝ 3663

Մեկնաբանություններ